ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից:
«Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմերի, ողջ տարածաշրջանի և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ այդ երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրին, և մենք կշարունակենք դա առաջ մղել»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ հեռանկարներ ունի Վաշինգտոնի առաջարկած խաղաղության օրակարգը՝ հաշվի առնելով Բրյուսելում չեղարկված հանդիպումը հոկտեմբերի վերջին և Իրանի ներկայությունը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում ընթացող APRI Armenia վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա՝ ժամանակի սղության պատճառով: