Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել է հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա վիճակը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում և հոկտեմբերի վերջին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու ֆոնին: Նրա խոսքով՝ այս պահին բանակցային գործընթացը լրջորեն քննարկելու կարիք չկա:
Փորձագետը չի կարծում, թե ընթացող պրոցեսները բանակցություն կարելի է անվանել: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը լուրջ քննարկելն այս պահին խնդրահարույց է. բանակցությունները ենթադրում են, որ կան անհայտ իրողություններ, որոնք քննարկվում են ու պատասխան են պահանջում:
«Դա այն է, երբ քննարկվում է ինչ-որ ձևաչափ, որը կարող է հետո ընդունվել, բայց բազմաթիվ փոփոխականներ կան: Այստեղ փոփոխականներ չկան, անկախ նույնիսկ բանակցությունների դաշտից՝ արդյունքները հայտնի են»,- ասաց նա:
Իսկ հայտնի է այն, որ արդյունքը հակահայկական ու կապիտուլյացիոն է Հայաստանի Հանրապետության համար, հավելեց փորձագետը: Միքայելյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելով՝ Հայաստանը կընդունի վերջին տարիներին Ադրբեջանի կատարած հանցագործությունները:
«Հայաստանն այս պայմանագրով պետք է լեգալիզացնի Ադրբեջանի բոլոր ոճրագործությունները, որոնք նա իրականացրել է վերջին երեք տարվա ընթացքում: Այսպիսով՝ սա բանակցային գործընթաց չէ, սա Ադրբեջանի և Թուրքիայի խաղն է, որը նրանք վարում են ըստ իրենց հայեցողության»,- նշեց Միքայելյանը:
Պատճառն, ըստ քաղաքագետի, այն է, որ Հայաստանի ներկա իշխանություններն արդեն բարձրաձայն համաձայնվել են, որ ուզում են ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչքան հնարավոր է շուտ: Սրանից կարելի է հասկանալ, որ ցանկացած միջնորդ, որն իր հեղինակությամբ, ճնշմամբ և շահերով կարող է խոչընդոտել Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, այն պարագայում, երբ Հայաստանը դա այլևս չի անում, չեզոքացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:
«Այսպիսով՝ այդ երկու երկրներին ձեռնտու է ուղիղ բանակցություն Հայաստանի հետ, որտեղ երկուսը մեկի դեմ ճնշելու են Հայաստանին ու պարտադրելու են է՛լ ավելի ծանր պայմաններ: Դրա մասին արդեն խոսվել է, և թբիլիսյան հարթակն է օգտագործվելու, քանի որ Թբիլիսին արդեն հանդիսանում է ոչ թե միջնորդ, այլ ընդամենը՝ տարածք»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սրանց մեջ լուրջ տարբերություն կա և չի բացառում, որ դրան է գնում ամեն ինչ:
Փորձագետը նշեց, որ ամեն դեպքում՝ գործընթացը գաղտնի է, և մենք բոլոր գործընթացներին չենք տիրապետում՝ ամբողջական գնահատական տալու համար։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել էր, որ
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության լուծմանն օգնելու համար, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա:
Նույն օրը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում ընթացող «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա՝ ժամանակի սղության պատճառով:
Արաքսյա Սնխչյան