Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է տիկին Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը:
«Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցն ունի հագեցած օրակարգ և համոզմունք հայտնել, որ դրա շրջանակում կնախանշվեն տարբեր նախագծեր ու դրանք հաջողությամբ կյանքի կկոչվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռիմա Աբդուլ Մալակը հավելել է, որ այցի նպատակն է` նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը մշակույթի տարբեր ճյուղերում, մասնավորապես, մշակութային ժառանգության պահպանման, երաժշտության, կինոյի և այլն: Նախարարի խոսքով` հայ գործընկերների հետ քննարկվում են կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր:
Ավելի վաղ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռիմա Աբդուլ Մալակն ասել էր, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու համար։