Լեմկինի անվան ինստիտուտն զգուշացրել է առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման սպառնալիքի մասին, տեղեկանում ենք ինստիտուտի պաշտոնական կայքից։
Ինստիտուտը հրապարակել է «նախազգուշացման կարմիր դրոշը»։ Սա նշանակում է սպառնալիքի ամենաբարձր աստիճան, որն աննկատ է մնում համաշխարհային հանրության կողմից:
«Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ, դրան հաջորդած տարածքի բռնագրավումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի էթնիկ ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումն իր մեջ պարունակում է ցեղասպանության վերածվելու վտանգավոր բարձր ռիսկ»,- նշում են ինստիտուտում՝ հիշեցնելով, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ:
Ինստիտուտը հիշեցնում է, որ Հայաստանի Սյունիքի մարզը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի համար ոչ միայն այն պատճառով, որ նրա բռնագրավումը վերջապես կիրականացնի պանթուրքական երազանքը, այլ նաև, որ այն շահութաբեր և ռազմավարական կարևոր ցամաքային միջանցքի համար նախատեսված վայր է:
Ամենասարսափելին, ըստ հաղորդման այն է, որ Ադրբեջանն սկսել է իր ռազմական ուժերը կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, ներառյալ Նախիջևանի անկլավում (որը սահմանակից է Թուրքիային):
«Ադրբեջանի կողմից Հայաստան աղետալի ներխուժումից խուսափելու համար, որը զգալիորեն կվտանգի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը գալիք տասնամյակների ընթացքում, հրամայական է, որ Հայաստանն ու նրա դաշնակիցներն ամեն ինչ անեն այն կանխելու համար»,- եզրակացնում է ինստիտուտը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։