Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ կապված «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»,- ընդգծել են Պետդեպից։
Հավելել են, որ պարբերաբար շեշտում են իրենց ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը։ Պետդեպից նշել են նաև, որ շարունակաբար հետևում են իրավիճակին։
«Հայաստանն ԱՄՆ-ի մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նոյեմբերի 1-ին Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն զգուշացրել էր առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման սպառնալիքի մասին։ Ինստիտուտը հրապարակել էր «նախազգուշացման կարմիր դրոշը»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։