ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ճապոնիային առաջարկել է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության բաժինը։
Այս մասին Սիմոնյանը խոսել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ հանդիպմանը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարևորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին և մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաև հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է, և Հայաստանը շահագրգռված է բազմաբևեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների համար հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրելու համար:
Կողմերն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններին: ԱԺ խոսնակը նշել է, որ առաջարկ է արվում Ճապոնիային ևս միանալ նախագծին: Նա նշել է նաև, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին: Հանդիպման ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի հետ սերտ աշխատանքի համար` շեշտելով, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Նրա խոսքով՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: