ՌԴ ԱԳՆ-ն «ցուցադրական հակառուսական ժեստ» է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանում պետք է տեղյակ լինեն, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն հակամարտում է մեր երկրի հետ։ Ցավալի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված և համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները»,- հավելել է նա։
Հոկտեմբերի 28-ին Մալթայում հանդիպել էին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Կողմերը քննարկել էին Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։