ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրը հայտնում է, որ այդ մասին որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթը հրապարակվել է։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում։ Առաջինը Գյումրիում է։
Հոկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը հայտնել էր, որ, չնայած երկրների միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակին, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի համաձայնությունն ուժի մեջ է։
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը 2023-ի մայիսի 28-ին հայտնել էր Կապանում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի որոշման մասին: Նա ասել էր, որ հայկական կողմը մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպման ժամանակ հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին։