Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ «Երևանն ընդունի Բաքվի պայմանները», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը ձգձգվում է «Հայաստանի ոչ կառուցողական, հակասական քայլերով»։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Բաքուն խաղաղ պայմանագրի իր հաջորդ առաջարկները ներկայացրել է Երևանին, և այժմ սպասում է պատասխանի։
Ասուլիսի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է։
«Ես բացեիբաց հայտարարեցի, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»,- ասել է նա։
Նշվում է, որ Բայրամովը Բերբոքին մեղադրել է հայկական անուններ օգտագործելու մեջ։
«Պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը ինքնիշխան պետությունների քաղաքների անվանումների վերաբերյալ՝ թույլ չտալով իրենց օգտագործել մտացածին անուններ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։
ՀՀ կատարած այցի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել էր Արարատի մարզի Որոտան գյուղ և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, ինչպես նաև ժամանել էր Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։
Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։