Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանում սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության ղեկավար Զահիդ Օրուջը հայտարարել է, որ «ադրբեջանցիների վերադարձը Երևան, Սևան և Սյունիք կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս»։
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիմումը՝ հայ բնակչությանը Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) վերադարձնելու մասին։ Իսկ արդյոք նա պատրա՞ստ է արևմտյան ադրբեջանցիներին կոչ անել վերադառնալ Երևան, Գեյչա (Սևան-խմբ.),- «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. մեր նյութա-մշակութային ժառանգությունը պատմական հողերում» գրքի 2-րդ հատորի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Օրուջը։
Մարտի 14-ին «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել էր, որ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ է արել Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել իրենց հետ՝ «ապահովելու Հայաստանում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»։
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Սյունիքի մարզը։