Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 38-ամյա պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, իր Facebook-յան էջում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր, Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Սիմոնյանը։
ԶԼՄ-ները գրել են, որ Մաթևոս Ասատրյանը տանը հանկարծամահ է եղել։
Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 2-ին։ 2008-ին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2012-2019 թվականներին եղել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը: 2014 և 2017 թվականներին վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում և մի շարք այլ մարզադպրոցներում:
Ասատրյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:
2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած էր, ուներ երեք զավակ: