ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Նշվում է, որ պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։