Թուրքիան այս պահին, իրականում, որևէ լուրջ հաասության մեջ չէ Իսրայելի հետ, Armenia Today-ի հետ զրույցում կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարություններին։
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի հակաիսրայելական հայտարությունների շարքը նոր չէ։
«Երբ Էրդողանը նոր էր եկել քաղաքական ասպարեզ ու վարչապետ էր դարձել, դեռ այդ ժամանակվանից մշտապես Իսրայելին ուղղված խիստ հայտարարություններով էր հանդես գալիս։ Բացի այդ, երբ Էրդողանը վարչապետ էր, Թուրքիայի ընդդիմությունը նրան մեղադրում էր Իսրայելի հասցեին արտաքուստ խիստ հայտարարություններ անելու, իսկ իրականում՝ շատ սերտ համագործակցելու մեջ։ Երբ նախկինում Թուրքիայի և Իսրայելի միջև շատ լուրջ դիվանգիտական ճգնաժամ առաջացավ ու հետ կանչեցին իրենց դիվանագետներին, դեսպաններին, և հարաբերությունները շատ ցածր մակարդակի իջեցրին, իրենք, միևնույն է, շարունակում էին ռազմական համագործակցությունը, Իսրայելից Թուրքիա էին գալիս ԱԹՍ-ներ, կար նաև երկկողմ տնտեսական համագործակցություն»,- նշել է թուրքագետը։
Իսպիրյանի խոսքով՝ այդ ժամանակ միայն Էրդողանն էր հակաիսրայելական հայտարություններ անում։
«Ընդհանուր առմամբ՝ Էրդողանի օրոք թուրք-իսրայելական հակասությունները երկար պատմություն ունեն, և այս պահի իրավիճակն առանձին դիտարկել պետք չէ։ Այսօր Թուրքայի նախագահի հակաիսրայելական հռետորաբանությունը վերոնշյալ քաղաքականության շարունակությունն է։ Այս պարագայում նա փորձում է մրցակցել Իրանի հետ՝ տարածաշրջանում առաջնորդ մուսուլան երկրի կարգավիճակով։ Եվ, բնականաբար, փորձում է իր հայտարարություններով շահել մուսուլմանների, այսպես ասենք, սրտերը։ Պատահական չէ, որ հիմա Գազայի հատվածում մեծ հույսեր են կապում Էրդողանի հետ, խնդրում զորքեր մտցնել, փորձում նրան համեմատել Սալահ ադ-Դինի հետ։ Եթե չհաշվենք դիվանագիտական հայտարարությունները, ընդհանուր առմամբ, Թուրքիան այս պահին իրականում որևէ լուրջ հակասության մեջ չէ Իսրայելի հետ»,- հավելել է թուրքագետը։
Հարցին՝ այս փուլում հարաբերությունների վատթարացման իրական հիմքե՞ր կան, Անդրանիկ Իսպիրյանը նշել է, որ կախված է Իսրայելի գործողությունների հետագա ընթացքից։
«Այս պահին, իհարկե, նման բան չկա, բայց գաղտնիք չէ, որ տարածաշրջանում զարգացումները շատ անսպասելի ընթացք են ստանում։ Աստանայում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն Իսրայելին քննադատեց, բայց չկային այն խոսքերը, այն վիրավորական հայտարարությունները, որոնք հնչեցնում էր Թուրքիայում՝ իր ընտրազանգվածի առաջ։ Ամեն դեպքում, որքան էլ ցույց է տալիս իր հակաիսրայելական հռետորաբանությունը, միևնույն է, վերջնահաշվարկում փորձում է խուսափել լուրջ հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ»,- ասում է թուրքագետը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլենքենի այցի շրջանակներում որոշակի ժեստերն Իսպիրյանը նույն համատեքստում է դիտարկում։ Նշենք, որ տեսանյութ էր տարածվել, որտեղ տպավորություն էր ստեղծվում, թե Թուրքիայի ԱԳ նախարարը չի ցանկանում ողջագուրվել Բլինքենի հետ։
«Թուրքիայում մշտապես ուշադրություն են դարձնում ձևական կողմին, որով փորձում են արտահայտել իրենց դժգոհությունը, ուրախությունը կամ ինչ-որ բաներ հասկացնելը։ Բլինքենի ընդունելությունը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, ինչը կապված էր Իսրայելում ԱՄՆ քաղաքականության հետ»,-հավելել է թուրքագետը։
Նրա խոսքով՝ իսրայելա-պաղեստինյան այս հակամարտության մեջ մի ակնառու բան կա, որը հետաքրքիր է։ «Թուրքիան պաշտպանում է Պաղեստինին, Ադրբեջանը՝ Իսրայելին։ Ամեն մեկն առաջնորդվում է ըստ իր շահերի, և այստեղ կրոնական գործոնն, առհասարակ, կապ չունի։ Շատ հրեաներ շնորհակալություն են հայտնում Ադրբեջանին, Ադրբեջանում Իսրայելի դրոշներով ցույցեր են լինում։ Հետաքրքիր է, երբ մեր տարածաշրջանի երկու եղբայրները հակամարտության գոտում լրիվ հակառակ կողմերի են աջակցում»,- եզրափակել է Իսպիրյանը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Աննա Բադալյան