Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը, սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա, «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բազմիցս հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մոսկովյան հարթակ տրամադրել երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կհայտարարենք այդ մասին»,- ասել է նա լրագրողներին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր Մոսկվայի կողմից Երևանի և Բաքվի հետ շփումները շարունակելու մասին։ Նա հայտնել էր, որ խաղաղ գործընթացին Մոսկվայի աջակցության վերաբերյալ դեռ փոխըմբռնում չկա։ Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ՝ Զախարովան նշել էր, որ կարգավորման «ճանապարհային քարտեզը» շարունակում են մնալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից: