Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, Փարիզի խաղաղության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում ավելի քան 500 հազար հայեր հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։ «500 հազարը Ադրբեջանից բռնի տեղահանված և էթնիկ զտումների արդյունքում փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 հազարը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից Սումգայիթի և Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակվանից Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղը լքել է մոտ 26 հազար հայ։
«Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում մոտ 105 հազար հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ այս սպառնալիքի մասին Երևանը զգուշացրել է միջազգային հանրությանը, հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կստացվի՝ չնայած Բաքվի հակահայկական հռետորաբանությանը։
«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա. 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։ 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը զենք գնելու և բանակ ունենալու Հայաստանի ինքնիշխան իրավունքն է անվանել. Այսպես նա մեկնաբանեց Լեյլա Աբդուլաևայի ելույթը Ֆրանսիայում Ադրբեջանից հետո Փարիզի խաղաղության ֆորումի քննարկման հարթակում, ով հայտարարեց, որ Ֆրանսիան չի կարող մոդերատոր լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում, քանի որ զենք է վաճառում Հայաստանին։
«Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք»,- հավելել է նա։
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության հիմնախնդիրները։