Այս պահին Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին գրանցված պատգամավորներ չունենք, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«ԵԱՀԿ 56 երկրներին և 11 գործընկեր երկրներին միջազգային քարտուղարությունն է հրավիրում և բոլորին հրավերներ ուղարկվել է։ Այս պահի դրությամբ՝ չունենք գրանցված պատգամավորներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Ադրբեջանի պատվիրակները նախապես բարձրացրել էին անվտանգության երաշխիքների հարց Հայաստան գալու համար, և Ազգային ժողովը պատրաստակամություն էր հայտնել»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը։
Հայաստանը հյուրընկալելու է կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։