Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։
«Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասել է Հովհաննիսյանը։
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։
Հուլիսի 22-ի նիստում Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը, ինչպես նաև որոշել էր հատկացնել 10 մլն եվրո՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժն ուժեղացնելու համար և օգնել բարելավել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում: Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն» էր անվանել Հայաստանին օգնություն տրամադրելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը։
Հունիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին նշել էր, որ Երևանն սպասում Է ՀՀ-ին Եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը և հույս էր հայտնել, որ վիզաների ազատականացման բանակցություններում դրական արդյունք կլինի։