Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ հեռախոսազրույցը եղել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանը հիմքեր չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքներն անբավարար են Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Հոկտեմբերի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններն անվանել էր Հայաստանի ղեկավարության «ինքնիշխան ընտրություն»։