ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն աշխատանքային գրաֆիկում, բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու լավ առիթ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլում ընկալվում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «դեռևս պահպանում է ակտուալությունը»։ «Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, առնվազն մասնակիցների կողմից վկայում են համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջը»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: