Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու բանակցություններն Ադրբեջանի հետ և մինչև տարեվերջ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։
«Մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները (Բրյուսելյան ֆորմատով) և, եթե հնարավորություն լինի, մինչև տարեվերջ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակում՝ Վաշինգտոնում բանակցությունները շարունակելու, Հայաստանը պատրաստակամ է և, հուսամ, այդպիսի հանդիպում տեղի կունենա»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ Վաշինգտոնյան հնարավոր հանդիպման մասին քննարկվել է Պետդեպարտամենտի խոսնակ Լուի Բոնոյի վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։
Անվտանգության խորհրդի քարտուղարը բացատրել է նաև, թե ինչու է Երևանը հրաժարվում Բաքվի հետ բանակցությունները շարունակել Մոսկվայում։ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին տեսնում ենք հնարավորություններ և որտեղ մեզ հստակ առաջարկներ են արվել»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայից չկան առաջարկներ, Գրիգորյանը նշեց․ «Ես նման առաջարկությունների մասին տեղյակ չեմ»։
Անդրադառնալով նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին ՀՀ մասնակցության հրաժարմանը՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ որևէ խնդիր դրանում չի տեսնում։
«Հայաստանը սկսած 2020 թվականի պատերազմից հետո՝ այն ժամանակ ասում էին, որ «Լեռնայի Ղարաբաղը Հայաստանի սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել», բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը կրկին հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, մենք չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, և այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին և մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը և սա է նաև պատճառը, որ մենք չենք գնում նիստերին։ Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա։
Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին՝ Գրիգորյանը նշեց, որ նման հարցի ՀՀ-ն չի անդրադառնում։
«Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը որևիցե ձև չի կաշկանդում մեր մյուս հարաբերությունների կառուցման մասով և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին մենք չենք էլ անդրադառնում։ Ժամանակին մի այսպիսի արտահայտություն էր շրջանառության մեջ դրվում՝ «ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ը լքում է, այլ ՀԱՊԿ-ն է լքում տարածաշրջանը»․ կարծես թե գործընթացներն այդ ուղով են ընթանում»,- հավելել է նա: