Ֆրանսիայի հետ Հայաստանի համագործակցության թեմաներից մեկը Երևանի կողմից հենց «Բաստիոն» զրահատեխնիկայի ձեռքբերումն էր, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հրապարակային էլ էր հայտնի, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցության թեմաներից մեկը հենց այս «Բաստիոն» զրահապատ մեքենաները ունենալն էր։ Մենք այդպիսի նպատակ ենք ունեցել և ես ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում ավելի լայն համագործակցություն կլինի Ֆրանսիայի հետ հենց անվտանգության առումով»,- նշել է նա։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ Ուկրաինան հրաժարվել է վերոնշյալ զրահատեխնիկայից՝ համարելով այն անարդյունավետ, Գրիգորյանն ասել է, որ ՀՀ պաշտպանական համակարգի գնահատմամբ՝ դրանք մեզ պետք էին։
«Մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դա մեզ համար անհրաժեշտ է, և դրա կարողությունները մեզ բավարար են»,- նշել է նա՝ հաստատելով, որ Հայաստանն է դիմել վերոնշյալ մեքենաների մատակարարման խնդրանքով։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոլոկացիոն կայան․ Երևանն ու Փարիզը պայմանավորվել էին նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Նոյեմբերի 13-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան ռազմական օգնության շրջանակում Հայաստանին է մատակարարել «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։