Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը գանգատվել է, որ ՀՀ-ն 2 ամսից ավելի հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակը տալ Ադրբեջանին: Նա այդ մասին գրել է իր X-ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։
«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և սպասում է Հայաստանի պատասխանին»,- գրել է նա։
Հաջիևի խոսքով՝ չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս է, ինչ հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։
«Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր են առաջանում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Ադրբեջանի կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավարտին հասցվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատասխանն Ադրբեջանից: