Մենք չենք պատրաստվում և մեր մտքում էլ չկա որևէ մեկին «խելքի բերել», ԱԺ-Կառավարություն հարցուպատասանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հող է նախապատրաստում, թե՞ որոշել է ՌԴ-ին «խելքի բերել», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կա՛մ կա, կա՛մ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց: Ցավոք ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Եվ դա կրկնվել է մի քանի անգամ»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հիմնավոր խնդիրն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք կասկածի տակ դնել ՀՀ ինքնիշխանությունը:
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելուն, ապա ըստ Փաշինյանի պատճառն այն է, որ ՀՀ առաքելություն ուղարկելիս խնդրել են հստակեցնել, թե որն է իրենց պատկերացրած ՀՀ տարածքն, ինչի պատասխանը չեն ստացել:
«Մենք ասում ենք՝ շատ լավ, խնդրում ենք մեզնից չնեղանաք, բայց մենք պետք է այլ անվտանգային գործընկերներ փնտրենք: Եվ մենք փնտրում և գտնում ենք: Փորձում ենք ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, կնքել պայմանագրեր»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ռազմավարության իմաստով չեն արվի հայտարարություններ, քանի դեռ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: