ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, ասված է ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։
Անահիտ Մանասյանը նշել է նաև, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։