ԿԳՄՍՆ-ն պատասխանել է ռուսերեն դասագրքերի տարածումը դադարեցնելու մասին ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությանը: Armenia Today-ի հետ զրույցում նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասել է, որ «դասագրքերը գործածության երաշխավորում կստանան միայն փորձաքննությունից հետո»:
«Այսօր արդեն 30 անուն դասագրքերն ուղարկվել են համապատասխան կազմակերպություն: Նրանց հետ աշխատել ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունն իրականացնեն ու ավարտեն, և դասագրքերը, եթե որևէ ձևով չեն հակասում մեր կրթության չափորոշիչներին և այն մոտեցումներին, որոնց կան մեր կրթության մեջ, երաշխավորվեն գործածության համար և մուտք գործեն դպրոցներ»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ դա սահմանված կարգն է, և այդ մասին նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական կողմը ներկայացնող կազմակերպության՝ մասնավորապես «Россотрудничество»-ի հետ։
Ըստ Սարգսյանի՝ խոսքը ՌԴ-ից ներկրված 52 000 դասագրքերի մասին է, որոնք նախատեսված են Հայաստանում գործող 45 դպրոցների համար, որոնք ունեն ռուսերենով ուսուցվող դասարաններ: Նա հավելել է, որ այդ դասարանների ուսուցման համար տարբեր ռեսուրսներ են օգտագործվել, տարբեր դասագրքերից են օգտվել, երաշխավորված ուսումնական նյութերից, որպեսզի լրացնեն միասնական դասագրքերի բացակայությունը:
Ըստ վարչության պետի, թեև հստակ ժամկետներ չկան, սակայն փորձելու են մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում ավարտել աշխատանքները: ԿԳՄՍՆ-ից նաև հայտնել են, որ ռուսերենով դասագրքերի փորձաքննությունը հիմա հատկապես կարևոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտարարել էր, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումն ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Նա ափսոսանք էր հայտնել, որ նման «քաղաքական անհեռատես ինտրիգներից» առաջին հերթին տուժում են եղբայրական հայ ժողովրդի սովորական տղաներն ու աղջիկները։