Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն ամբողջությամբ տապալվել է, և փաստաթուղթն այս պահին չգործող է։
«44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ասելով, որ եկեք, Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում աջակցեք մեզ։ ՀԱՊԿ-ը նոյեմբերի 9-ը չի ստորագրել մեզ հետ։ Նոյեմբերի 9-ը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ամբողջությամբ տապալվել և չի կատարվել, և այդ փաստաթուղթն այս պահին չգործող փաստաթուղթ է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության հարցը պետք չէ խառնել ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Արևմուտքն է խանգարում եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը՝ Մարուքյանը նշել է, որ Արևմուտքը չի եկել Ռուսաստանին ասել, որ չպահի Լեռնային Ղարաբաղը։
«Արևմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը թույլ չտա սեպտեմբերի 19-ին ռազմական ուժի կիրառում ԼՂ-ի նկատմամբ և էթնիկ զտումներն ավարտին հասցնելու գործողություններ, Արևմո՞ւտքն է խանգարել, որ խաղաղապահ զորախումբը շուրջ 10 ամիս բացեր Լաչինի միջանցքը, Արևմո՞ւտքն է խանգարել, որ խաղաղապահ զորախումբը եռակողմ հայտարարության համաձայն՝ պահպաներ շփման գիծը։ Եռակողմ հայտարարությունն ինչի մասին էր՝ կա շփման գիծ, կա Լաչինի միջանցք, կան ռազմագերիներ, ովքեր պետք է փոխանակվեն և Հադրութից, Շուշիից և այլ գյուղերից բռնի տեղահանված փախստականները պետք է վերադառնան․ այսինքն Արևմո՞ւտքն է խանգարել Ռուսաստանին, որ այս բոլոր կետերը իրականացվի։ Դա աբսուրդի ժանրից է։ Ի՞նչ կասեին ռուսները, եթե օրինակ՝ այսօր գիշեր բրիֆինգի ժամանակ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասի՝ այ կարող է գային, Վաշինգտոնում հանդիպեին և խաղաղություն կնքվեր, Ռուսաստանն է խանգարում, որ գան։ Արևմուտքը չի եկել Ռուսաստանին ասել, որ չպահպանի (ԼՂ-ն, Լաչինի միջանցքը)։ Երկու բան կա՝ կամ իրենք չեն ուզեցել անեն, կամ չեն կարողացել անեն»,- ասել է նա։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունների մասին՝ դեսպանը նշել է, որ այս պահին դրանք բացակայում են։
«Կան բազմաթիվ առաջարկներ։ Որքանով, որ ես գիտեմ նաև Բրյուսելի մասով աշխատանքներ կան, Մոսկվայից էլ առաջարկներ կան։ Հայաստանը կկայացնի իր որոշումը, այս պահին պայմանավորված հանդիպում չկա»,- հավելել է նա։
Նոյեմբերի 16-ին Բաքուն հայտարարել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հրաժարվելու մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ են տեղափոխվել 100․632 բռնի տեղահանվածներ։