44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից հետո «հարցաքննվելու» համար ծանուցում է ուղարկվելու ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները:
«Դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում խորհրդարանին կներկայացվի զեկույցը»,- հայտնում է հրատարակությունը։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Հանձնաժողովին ուղղված պատասխան նամակում Սամվել Շահրամանյանը նշել էր, որ նախատեսում է հանձնաժողովի նիստին մասնակցել նոյեմբերի 24-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։ Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։
Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալու մասին Արցախի նախագահի պատասխանին: Նրա խոսքով՝ թեև ԶԼՄ-ները գրել են, որ Շահրամանյանն այն ժամանակ չի զբաղեցրել որևէ ռազմաքաղաքական պաշտոն, սակայն մոռանում են, որ մինչև 2020 թվականի մայիս նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր: