Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում ունենք և՛ լավ լուրեր, և՛ վատ լուրեր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵԱՀԿ ԽՎ ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքում։
«Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ներկայացնելով վերոնշյալ սկզբունքները՝
1․ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները՝ Հայաստանի 29․800 և Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետրով,
2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է համաձայն որի՝ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և խորհրդային 12 հանրապետությունները՝ այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները:
3․ Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա:
«Սա չափազանց կարևոր է, որովհետև խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ, տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն նաև մալուխներով, խողովակաշարերով, էլեկտրագծերով: Եվ ահա այս ամենի իր բաժինն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ բրոշյուրը տրամադրված է ձեզ, իսկ այսօր մենք հրապարակեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին ամբողջական պատկերացում տվող հոլովակը»,- նշեց Փաշինյանը՝ հատկապես կարևորելով վերջին կետը:
Խոսելով խաղաղության գործընթացի վատ լուրերի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և չեն հասկանում իրար:
«Երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը: Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով գերիների հարցին՝ Փաշինյանն անհասկանալի համարեց Ադրբեջանի մոտեցումը։
«Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով. բոլորը՝ բոլորի դիմաց: Բայցևայնպես, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, և նախորդ օրը Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեցի, որ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար»,- նշեց նա:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ վարչապետն ընդգծեց, որ երկրներն ակտիվ երկխոսության մեջ են։
«Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ: Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: