Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԵԱՀԿ ԽՎ ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքում։
«Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեւորելու մեր ժողովրդի պատմությունը եւ վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա»,- նշել է նա:
Սիմոնյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման եւ էթնիկ զտումների հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
«Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ եւ առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ: Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, եւ Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետեւյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով եւ ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության եւ երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ: Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլեւ միջազգային գործընկերներից եւ հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ»,- հավելել է ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում։