Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը, հայտնում է БЕЛТА-ն։
Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Թասմագամբետովի խոսքով՝ միայն երկու հարց չեն կարողացել ՀԱՊԿ շրջանակներում լուծել։ «Դրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, նրանց դիրքորոշումներով պայմանավորված, և երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հրամանն է վերջնականապես վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին որոշումը:Հայկական կողմը, թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, սակայն որևէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջնական մասում խնդրեց այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան պաշտպանության նախարարների խորհուրդների, արտաքին գործերի և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։ Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Լուկաշենկոն Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։