Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվեց Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է «Արմենպրես»-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը փաստաթուղթ է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ փետրվարից այս առաքելությունն ընդունելու համար: Այս առաքելությունը Հայաստանում արդեն շատ բան է առաջարկել կայունության, անվտանգության առումով: Կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասել է ԵՄ դեսպանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,-հստակեցրել է փոխնախարարը:
«Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»,- համոզմունք է հայտնել Մարագոսը:
Արտաքին գործերի փոխնախարարը հստակեցրել է՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է:
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել էր 2023 թվականի փետրվարից․ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում: