ԱՄՆ հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան․ երկիր, որն անկայունություն է բերել տարածաշրջան, X-ում (նախկին Twitter) գրել է Սենատի՝ փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի նախագահ Մարկո Ռուբիոն՝ հայտարարելով, որ հայերի պաշտպանության մասին օրինագիծ են ընդունել։
«Սենատի իմ գործընկերների հետ մենք հայերի պաշտպանության մասին օրինագիծ ենք ընդունել։ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին ևս կոչ եմ անում ընդունել այն»,- գրել է Սենատի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ընդունելով այս երկկուսակցական օրինագիծը՝ Սենատը վճռական քայլ է կատարել Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։