Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպում անցկացնել երկու երկրների սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ բանակցությունները պետք է լինեն «երկկողմ»։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց ապագա հարաբերությունները։ Երկու երկրները պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացը շարունակելու, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպման մասին որոշում կայացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իբր «խաղաղ բանակցություններում լճացումը» կապված է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանի բացակայության հետ։
«Իսկ այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց Ադրբեջանի առաջարկներին պատասխանելու համար, չի նպաստում տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,-նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
ՀՀ ԱԳՆ-ն այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։