Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։