«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երևանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։
Թերթը գրել է, որ թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: ՔՊ-ն որոշել է փոփոխություն կատարել և վերցնել նրանցից մի կարեւոր լիազորություն։ Խոսքը համայնքային մշակույթի կենտրոնների, սպորտդպրոցների տնօրենների նշանակման իրավունքի մասին է, որն ուզում են վերցնել թաղապետերի ձեռքից եւ տալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։
««Հանրապետությունը» շատ ծանր է տարել այս խոսակցությունը, եւ այդ ոտնձգությունը` իրենց նորանշանակ թաղապետերի իրավասությունների նկատմամբ, թունդ վեճի պատճառ է դարձել: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը»,- գրել է թերթը։
Նույն օրը թեժ քննարկում է եղել մեկ այլ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ, որով քաղաքապետարանի որոշ վարչություններ վերածվում են բաժինների, որոնց կուրացիան ոչ թե փոխքաղաքապետերը պետք է իրականացնեն, այլ խոշոր վարչությունների պետերը։ Թերթի աղբյուրն ասել է՝ այս փոփոխությանը դեմ են արտահայտվել անգամ ՔՊ մի քանի անդամներ։
Նիստն ավարտվել է ուշ երեկոյան: «Հանրապետությունը» հասնել է նրան, որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող` հրատապության կարգով բերված երկու նախագծերը հետ կանչվեն և ուղարկվեն լրամշակման։