ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Փաշինյանն ողջույնի խոսքում կարևորել է երկու երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապերը, ինչպես նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվությունը:
Իրաքի Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Նա ընդգծել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի կյանքում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը Հայաստան պատմական էր անվանել, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր նա Իրաքի առաջին նախագան է, ով պաշտոնական այց է կատարել Հայաստան: