Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած 38 անձանց 5 ամիս ամսական 68 000 դրամ տրամադրելու համար կհատկացվի 12 920 000 դրամ։
Իշխանությունները 2021 թվականի հունվարի 29-ին որոշում էին կայացրել օգնություն ցուցաբերել Շուռնուխ և Որոտան համայնքների ունեցվածքը կորցրած բնակիչներին։ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբերը ներառյալ՝ նրանց տրամադրվել է միանվագ 300 հազար դրամ և ամսական՝ 68 հազար դրամ օգնություն։
2022 թվականի մարտի 15-ին կառավարությունն սկսել էր Շուռնուխի 13 ընտանիքի բնակարանաշինությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 29-ին որոշվել էր Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:
Նախատեսվել էր այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումը հաստատվել էր կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ 13 տնից բաղկացած, իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար:
Նշենք, որ համայնքների մերձակա որոշ տներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո։