Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին։ Նրան տրվել են հարցեր հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Նիստը տևել է երեք ժամ դռնփակ ռեժիմով։
Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալու մասին Արցախի նախագահի պատասխանին: Նրա խոսքով՝ թեև ԶԼՄ-ները գրել են, որ Շահրամանյանն այն ժամանակ չի զբաղեցրել որևէ ռազմաքաղաքական պաշտոն, սակայն մոռանում են, որ մինչև 2020 թվականի մայիս նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր։
Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովում բաց ռեժիմով հարցաքննվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել էր հունիսի 27-ին։ Ավելի ուշ՝ օգոստոսի 1-ին, նիստին մասնացել էր Դավիթ Տոնոյանը։ Սպասվում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը հանձնաժողով։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով և մայիսի 2-ին՝ կրկին 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են այս տարվա դեկտեմբերի 3-ին։