Նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում, հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ դարավոր բարեկամական հարաբերություններ ունենք, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանեց սեփական ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերին, ովքեր օգնություն էին ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսեթիան անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։
Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Աբխազիան և Օսեթիան ՌԴ կողմից օկուպացված ճանաչելու մասին հարցին, հայտարարել էր, որ Հայաստանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։