Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Արաբական աշխարհի ու Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացումը։
Նա, մասնավորապես, անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Իրաքի նախագահի՝ Հայաստան այցի թեմաներին։
Արևելագետի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր են Արաբական աշխարհի հետ հարաբերությունները և դա պատմականորեն այդպես է։
«Մենք ունենք Արաբական աշխարհի՝ նրա ժողովուրդների ու երկրների հետ հաղորդակցվելու երկար պատմություն և պատահական չէ, որ Երևանում հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան կա։ Այնպիսի կարևոր երկրի հետ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, դիվանագիտական հարաբերություն հաստատելը, կարծում եմ, կարևոր քայլ էր այդ բարեկամությունն ավելի պրակտիկ հողի վրա տեղափոխելու համար»,- ասել է նա։
Ինչ վերաբերվում է Իրաքին, ապա, մասնագետի խոսքով՝ այն կարևոր է մեզ համար նաև նրանով, որ այնտեղ ունենք հայկական համայնք, որը վերջին տարիներին բավական ակտիվ է։ Բացի դրանից, Իրաքում են բնակվում նաև քրդեր, որոնց ստեղծած միավորման հետ նույնպես բավական սերտ կապեր կան։
«Արաբական աշխարհի հետ հարաբերությունները խորացնելու համար պետք է դիվանագիտական առումով ավելի ակտիվ լինել, կարողանալ գտնել շահերի ընդհանրություն։ Մենք տեսնում ենք, որ փոխվում է աշխարհակարգը։ Եվ Արաբական աշխարհը, Մերձավոր Արևելքն սկսում են առավել ակտիվ դերակատարում ստանձնել, և հասկանալով այս նոր միտումը, պետք է ակտիվ աշխատել և օգտագործել հայկական համայնքները, որոնք կան Արաբական երկրներում, այդ կապերն ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- ընդգծել է փորձագետը։
Ըստ նրա՝ մենք լավ հարաբերությունների հիմք ունենք, որովհետև անկախության տարիներին բավական սերտ հարաբերություններ են հաստատվել Արաբական երկրների հետ, մասնավորապես՝ Սիրիայի, Լիբանանի, բայց պետք է աշխատել նաև այլ ուղղություններով, ինչի առաջին քայլերը տեսնում ենք։
«Իհարկե, Ադրբեջանը փորձում է խանգարել այդ հարաբերությունների հաստատամանը, սակայն դիվանագիտության իմաստն այն է, որ եթե քեզ փորձում են խանգարել, կարողանաս դիվանագիտական ճանապարհով խանգարողի ծրագրերը չեզոքացնել»,- նշել է Սաֆրաստյանը։
Այդպիսի օրինակ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նա տասնամյակներով ՀՀ-ի հետ հարաբերություններ չէր հաստատում, իսկ հիմա հաստատել է։
«Սաուդյան Արաբիան մեծ հեղինակություն ունի Արաբական աշխարհում և, կարծում եմ, դա էլ պետք է օգտագործել»,- եզրափակել է Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Հայաստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 22-ին, Հայաստան էր այցելել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։