ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է խաղաղության հաստատման հնարավորությունը, տեղեկանում ենք Պետդեպարտամենտի պաշտոնական կայքից։
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը»,- տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։
Պետդեպից հավելել են, որ Փաշինյանի հետ Բլինքենը քննարկել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ալիևի հետ զրույցում, Պետդեպի փոխանցմամբ, Բլինքենն ընդունել է այն տառապանքները, որոնք ձգձգված հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին։ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել այն առավելությունները, որոնք տարածաշրջանին կբերի խաղաղությունը։
Նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը վստահ չէ, որ Ադրբեջանը 3 սկզբունքների հիման վրա ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։
Նոյեմբերի 10-ին՝ Փարիզի խաղաղության համաժողովում, Փաշինյանը հույս էր հայտնել, որ առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։ Երկրորդով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ։ Ըստ 3-րդ սկզբունքի՝ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։
Նոյեմբերի 27-ին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները՝ Հայաստանի տարածքով առևտրային ճանապարհի ստեղծումը կանխելու համար, եթե փորձ արվի ստեղծել այն ուժով։