Քաղաքագետ Հայկ Այվազյանը բացառում է հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ առանց միջնորդների: Armenia Today-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին նոյեմբերի 30-ին նախատեսված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը պետք է դիտարկել կոնֆլիկտի լուծման տեսանկյունից, սահմանազատումը՝ որպես առանձին էլեմենտ, չի կարելի դիտարկել:
«Այդ տեսանկյունից դիտարկելիս հարց է առաջանում, թե այն սուր հարցերը, որոնք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան, գոյություն ունեցող միջնորդների միջոցով լուծվո՞ւմ են, թե՞ ոչ, մասնավորապես՝ ո՞ր միջնորդի միջոցով են լուծվում, իսկ ո՞ր միջնորդի միջոցով, ընդհակառակը, սրվում»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ հայտնի չէ նաև, թե ո՞ր քարտեզներով է տեղի ունենալու սահմանազատումը, որովհետև դրանք
ՌԴ գլխավոր շտաբում են գտնվում: Այվազյանի խոսքով՝ հայտնի չէ, թե բանակցությունների հարթակն արևմտյան կողմ թեքելու հետևանքով ո՞ր քարտեզներով են աշխատելու:
«Հետևաբար, սահմանազատման և, առհասարակ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցը քիչ թե շատ շահավետ լուծել հնարավոր կլինի Ռուսաստանի միջնորդությամբ, քանի որ միայն վերջինս կարող է Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ֆրանսիան իր քայլերով, ընդհակառակը, Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի: Եվ եթե բանակցությունների միջնորդության գործը մնա Արևմուտքի վրա, ապա կոնֆլիկտային հարցերն ավելի են սրվելու, իսկ նոր էսկալացիայի վտանգն՝ ավելի է մեծանալու:
«Իրականում՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն առանց միջնորդների չէ, հարցն այն չէ, թե կոնկրետ այդ օրը միջնորդներ կլինե՞ն, թե՞ ոչ: Հարցն այն է, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցն ընդհանրապես ո՞ր միջնորդների ներկայությամբ է քննարկվել: Կարող է միջնորդը ֆիզիկապես բացակայել հանդիպմանը, սակայն նա կա»,- պարզաբանեց Այվազյանն ու հավելեց, որ եթե դա Արևմուտքն է, ապա էսկալացիայի վտանգը մեծանում է, եթե ՌԴ-ն է՝ նվազում է, իսկ ՀԱՊԿ օգնության փաթեթի ընդունման պարագայում նոր պատերազմի վտանգն էապես կնվազեր:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը շեղվել է ռուսական հարթակից, գնացել է Արևմուտք, որն էլ սադրում է Ադրբեջանին: Այն ռազմական օգնությունը, որը տրամադրել է Ֆրանսիան, քաղաքագետի համոզմամբ, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար ոչինչ է:
«Մի քանի տասնյակ զրահամեքենան ոչինչ չի կարող անել, այն էլ՝ դուրս գրված զրահամեքենաներ, որոնք պետք չեն Ֆրանսիային: Սակայն սադրելու առումով ավելի մեծ վնաս կարող են տալ, քան դրանց օգուտն է Հայաստանին՝ պաշտպանելու իմաստով»,- ընդգծեց Այվազյանը:
Ըստ նրա՝ ի սկզբանե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եղել է Ռուսաստան-Արևմուտք բախման հետևանք, նախ՝ դա Խորհրդային Միության փլուզման, ապա 2020 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության հետևանքն էր: Հետևաբար, չի պատկերացնում երկխոսություն՝ առանց միջնորդի:
«Կարգավորումը ևս՝ որպես տարածաշրջանային գործընթաց, գլոբալ պատերազմի մաս է կազմում: Չի կարող լինել առանց միջնորդների երկխոսություն Երևանի և Բաքվի միջև: Եթե չկա ՌԴ, ուրեմն կա Արևմուտք, եթե չկա Արևմուտք, ուրեմն կա ՌԴ»,- եզրափակեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների թվով հինգերորդ հանդիպումը:
Արաքսյա Սնխչյան