Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր կգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ նիստն անցնելու է դռնփակ, ներկա են լինելու միայն հանձնաժողովի ՔՊ պատգամավորները:
«Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերեւս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նրան քննիչ հանձնաժողով հրավիրելն ընդամենը ձեւական բնույթ է կրում»,- գրել է թերթը:
Հանձնաժողովի ձեւավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»:
Դեկտեմբերի 3-ին 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը: