Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, Armenia Today-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
ՀՀ-ի կողմից հանձնաժողովի կազմը գլխավորում է Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը։
ՀՀ ԱԳՆ-ից նոյեմբերի 23-ին հայտնել էին, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։
Նշենք, որ սա թվով հինգերորդ հանդիպումն է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 4-րդ հանդիպումը կայացել էր հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։
2022-ի նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022-ի մայիսի 24-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, երկրորդ հանդիպումը՝ 2022-ի օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։