ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ»,-հավելել են ԱԳՆ-ից։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպմանը ռուսական կողմը հաստատել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացմանն ակտիվորեն աջակցելու պատրաստակամությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, հաշվի առնելով նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ելքը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Սկոպյե։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում չի նախատեսվում։
ԱԳՆ-ն նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Հայտնել էին, որ այցի ընթացքում նախատեսված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ: