Հայկական տարածքների գրավման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հաշվին հարստանալու ցանկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակներից մեկն է եղել, գրել է հայտարարել է ամերիկյան Washington Examiner ամսագիրը՝ վկայակոչելով տնտեսական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի զեկույցը:
«Ալիևն ստիպեց ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող HALO Trust հիմնադրամին դադարեցնել իր ականազերծման գործողությունները։ Փոխարենը դոնորներից պահանջում է իր միջոցով ամբողջ գումարն ուղղել ականազերծմանը: Բացի այդ, նա իր սակրավորներին հրամայել է մաքրել միայն այն հողերը, որոնք իր հետաքրքրության և իր շահերի շրջանակում են»,-գրել է ամսագիրը։
Հենվելով կալանքի տակ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուի ուսումնասիրությունների վրա՝ Washington Examiner-ը հայտարարել է, որ Արցախում հող վարձակալող բոլոր ընկերությունները պատկանում են կամ նախագահի ընտանիքին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մյուսներին արգելված է նման գործունեությունը։
Հոդվածի հեղինակ, ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հավելել է, որ օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներն ուղեկցվում են կոռուպցիոն գործարքներով և փողերի լվացմամբ: Նրա խոսքով՝ «Ալիևը կրկնակի շահույթ է ստանում․ սկզբում միլիարդավոր դոլարներ է ուղղում սեփական շինարարական ընկերություններին, իսկ նրանց, ովքեր ձգտում են շահել ադրբեջանական պայմանագրերը, սիպում է չափազանց մեծ վարձավճար տալ»։
Ռուբինը նշել է, որ նման կոռուպցիոն սխեմաներում ժամանակին ներգրավված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Շահույթի ցանկությունը ազդեց պատերազմ սկսելու և աշխարհի ամենահին քրիստոնյա բնակչությանն իր հողից վտարելու որոշման վրա: Սա միայն ավելի ամոթալի է դարձնում Վաշինգտոնի լռությունը»,-եզրափակել է հեղինակը։
Իբադօղլուին ձերբակալել են հուլիսին՝ կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով։ Իրավապաշտպան կազմակերպությունները նրա ձերբակալությունը կապել են երկրի իշխանությունների հասցեին քննադատության հետ: Նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները երեք ամսով երկարացրել էին նրա կալանքը։