Երևանում ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանում իշխանափոխություն պահանջող «Զանգ» շարժման 13 անդամների, այս մասին ասված է շարժման ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ ակտիվիստները երթ էին կազմակերպել, որից հետո փորձել էին վրան տեղադրել Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող այգում։ Ոստիկանության ներկայացուցիչներն ասել էին, որ վրանի տեղադրումը համարում են հասարակական կարգի խախտում և պահանջում են այն հեռացնել։ Այն բանից հետո, երբ շարժման մասնակիցները չին կատարել այս պահանջը, ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստներին։
Շարժման մասնակից Միքայել Նահապետյանի խոսքով՝ վրանը «մեր տան, օրենքի, պետության խորհրդանիշն է»։ Նա նաև ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի շրջանակներում Բաքուն որոշել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում։ «Մենք սրա հետ համաձայն չենք, բայց, օրինակ, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ խաղաղ պայմաններում դա հնարավոր և նորմալ պրակտիկա է լինելու»,- ասաց ակտիվիստը։
Նոյեմբերի 25-ից «Զանգ» շարժումը նմանատիպ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ ակտիվիստների գրեթե բոլոր փորձերը՝ վրան տեղադրելու Երևանի կենտրոնում, ավարտվել են շարժման մասնակիցների բերման ենթարկմամբ։