Վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման, դրա հնարավոր հետևանքների մասին Armenia Today-ը զրուցել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ:
Նրա խոսքով՝ պատմությունը կրկնվում է. 100 տարի առաջ էլ՝ 1918-20 թվականներին, տեղի էին ունենում նույն պրոցեսները, «գալիս էին պատվիրակություններ Անգլիայից, Ամերիկայից, բայց դա չխանգարեց Բրիտանիային, որպեսզի ի վերջո հետ քաշվի՝ մեզ սադրելով Թուրքիայի դեմ, և մեզ կիսեցին բոլշևիկներն ու քեմալականները»:
«Հիմա մեզ այդ նույն կատակերգությունները պետք չեն, մեզ ո՛չ պատվիրակություններ են պետք, ո՛չ արարողություններ: Մեզ պետք են կոնկրետ պատասխաններ հետևյալ հարցերին. Բրիտանիան պատրա՞ստ է իր վերաբեմունքը հայտնել Արցախի հայաթափման մասին, պատրա՞ստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, պատրա՞ստ է անվտանգության երաշխավոր լինել ՀՀ անվտանգության համար, պատրա՞ստ է ռազմական ուժեր տեղակայել Հայաստանում: Այսպիսի հարցեր պետք է տրվեն, այլ ոչ թե այս PR-ը, որը ոչ մի բանի առայժմ չի բերի»,- նշեց Խաչիկյանը:
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի կողմից նույն խաղն է, ինչ 100 տարի առաջ. ստեղծել տպավորություն, որ նրանք կարող են մեզ պաշտպանել, ՌԴ-ին դուրս հանել այստեղից և հետո հետ քաշվել և մեզ մեն-մենակ թողնել Թուրքիայի հետ:
«Մենք նրանց համար (Արևմուտքի-խմբ.) այնքան էլ կարևոր չենք, խնդիրն այն է, որ մեզ համոզեն՝ հրաժարվել ՌԴ-ից, այստեղ մտնի Թուրքիան, ու այս հարցը փակվի: Երբ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն ասում է, թե չգիտեն Ղարաբաղում ինչ է տեղի ունեցել, այդ բառերից հետո մտածում եք ինչ-որ բան կանե՞ն ՀՀ-ն պաշտպանելու համար»,- հարցրեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ հինգ տարի Հայաստանը ղեկավարող խմբակցությունն անպատրաստ է, նա ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ բավարար կրթություն:
«Նա հինգ տարի ուներ. հիմա ինչ-որ կոնկրետ երաշխիքներ ունի՞: Ուկրաինային, օրինակ, առաջարկվում է դաշինք, Արևելյան Եվրոպայի երկրներին առաջարկվում է դաշինք և ունեն, մեզ դա առաջարկվո՞ւմ է: Թող կոնկրետ ասեն, ոչ թե այս գավառական գործակալների ձայնով խոսեն: Դա պետք ասի Բրիտանիայի ղեկավարությունը, ոչ թե մեր այս սուրճ նայող դերասանները, արտասահմանից վարձատրվող բլոգերները»,- նկատեց Խաչիկյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանից Բրիտանիայի հնարավոր շահերին, ապա մեր զրուցակցի կարծիքով՝ այդ շահերն Ադրբեջանում են, ո՛չ Հայաստանում:
«Բրիտանիան Ադրբեջանում ունի շահեր, հսկայական ներդրումներ, նավթ ու գազ է ստանում այնտեղից: Նրա ահռելի շահերը ոչ թե Հայաստանում են, այլ Ադրբեջանում, այնտեղ են նաև ԱՄՆ-ի շահերը: Իրենք ասում են, որ իրենց շահերն Ադրբեջանում են, պետք է լսել, թե ինչ են ասում նրա՛նք, այլ ոչ թե էժանագին բլոգերների ասածը: Եվ դա նույնն է, ինչ եղել է 100 տարի առաջ, և եթե մեր ժողովուրդը չի ուզում դասեր քաղել, ապա գուցե մեզ պետք չէ պետություն»,- եզրափակեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Լոնդոնում բացվել էր Հայաստանի նոր դեսպանատունը, որին մասնակցում էր պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Տեղի էր ունեցել ՀՀ-ի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Ավելի ուշ ՀՀ էր այցելել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի էին ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որտեղ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Արաքսյա Սնխչյան