ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն 2 ադրբեջանցի զինծառայողների։
ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։