Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ հայտարարությունը։
Նախարարությունը նշել է, որ աջակցում է «երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներին, դրանց շարունակականությանը»։
«Մենք ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը»,- հավելել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Դեկտեբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող 32 հայ զինծառայողների անունները։